13 տարի անց դատարանը բավարարել է Քոչարյանի դեմ հայցը․ ՎԻԴԵՈ

Դատարանն անվավեր է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 2 հրամանագիր. Ջհանգիրյանի հայցը բավարարվել է 13 տարի անց

Վարչական դատարանն այսօր բավարարել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցն ու անվավեր է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի`13 տարվա վաղեմության երկու հրամանագիր։

Դեռ 2008-ի փետրվարի 23-ին երկրորդ նախագահին դիմել էր այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Ջհանգիրյանին՝ իր տեղակալի պաշտոնից ազատելու, նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից զրկելու միջնորդություններ ներկայացրել։

Միջնորդագրի համար հիմք էր դարձել Ջհանգիրյանի հայտարարությունն այն մասին, որ աջակցում է 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Լևոն Տեր-Պետրոսյանին, նաև նրա ելույթն առաջին նախագահի հանրահավաքում։

2008-ին գլխավոր դատախազ Հովսեփյանը պնդում էր, որ Ջհանգիրյանը խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։ Սակայն ինքը՝ դատախազի տեղակալը, վստահ էր, որ Քոչարյանը հրամանագրերն ընդունել է օրենքի խախտմամբ և 13 տարի շարունակ դատական գործընթացում փորձում էր ապացուցել դա:

2008 գարնան արյունալի դեպքերից առաջ պաշտոնից զրկված Ջհանգիրյանը հետագայում դատապարտվեց հենց «Մարտի 1»-ի գործով, ինչպես ընդդիմության այլ ներկայացուցիչներ ու միայն 10 տարի անց՝ 2019-ին արդարացվեց։

Իրավական համակարգում, որպես գլխավոր դատախազի տեղակալ, Ջհանգիրյանն աշխատել է 2006-2008թթ., դրանից առաջ էլ՝ 9 տարի, զբաղեցրել է զինվորական դատախազի պաշտոնը։ Համակարգից դուրս գալուց 12 տարի հետո նա կրկին կարող է վերադառնալ մասնագիտական գործունեությանը՝ արդեն որպես Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ։

ԱԺ իմ քայլը խմբակցությունը հունվարի 13-ին Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո որոշեց առաջադրել նրա թեկնածությունը։ ԲԴԽ-ում անդամի թափուր հաստիքն առաջացել էր Հայկ Հովհաննիսյանի հրաժարականից հետո, այսօր պարզ դարձավ, որ Ջհանգիրյանի հետ միասին խորհրդարանը կքննարկի նաև ԲԴԽ մեկ այլ անդամ ընտրելու հարցը։

Այստեղ իշխող խմբակցությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Դավիթ Խաչատուրյանին, որն ընտրվելու դեպքում կփոխարինի խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցին։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best